Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EVP) խմբակցությունը ապագայում ուզում է առավել արդյունավետ պայքարել Եվրոպայի արմատական խմբավորումների դեմ և հակազդել ԵՄ-ի նկատմամբ հոռետեսորեն տրամադրված կուսակցությունների ֆինանսավորմանը դրսից, այդ թվում՝ Ռուսաստանից՝ Der Spiegel-ում գրում է Պետեր Մյուլլերը:
«Մենք պետք է խստացնենք կուսակցական ֆինանսավորման կանոնները ԵՄ-ի մակարդակում,- հայտարարել է խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Der Spiegel-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ կուսակցությունները «ապագայում ԵՄ-ից ավելի քիչ ֆինանսավորում կստանան, եթե նրանց անդամները կամ գործընկերները ֆինանսավորվում են ավտոկրատ վարչակարգերի կողմից»: Մանֆրեդ Վեբերը նախ և առաջ նկատի ունի Ռուսաստանին, որի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս փորձում է ազդեցություն ստանալ եվրոպական կուսակցությունների վրա:
Իբրև օրինակ EVP-ին նշում է «Ավստրիայի ազատության կուսակցության» (FPÖ) Պուտինի «Միասնական Ռուսաստանի» հետ համագործակցելու ցանկությունը: Ծննդյան տոներից առաջ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը ստիպված էր հերքել տեղեկատվությունը, որ հերթական վարկն է ստացել Ռուսաստանից առաջիկա նախագահական ընտրությունների համար: «Ազգային ճակատը» Ռուսաստանից վարկեր ստացել է 2014-ից: 2017-ից երրորդ երկրներից ֆինանսավորումը ԵՄ-ն արգելում է, խախտման դիմաց սահմանված պատժամիջոցները ծայրահեղ փափուկ են՝ առավելագույն պատիժը առաջարկում է դրամական տուգանք կուսակցության տարեկան բյուջեի 10 %-ի չափով: Մանֆրեդ Վեբերը դա քիչ է համարում: «Չի կարելի թույլ տալ, որ ԵՄ-ն ֆինանսավորեն կուսակցություններ, որ դեմ են ԵՄ-ին, որ Եվրոպան թուլացնելու համար գումարներ են ստանում Կրեմլից: Դրան պետք է վերջ դնել»՝ վստահ է նա:
Հ.Գ. ՈՒշ չի՞ արթնանում Եվրոպան համաեվրոպական ընտրություններից առաջ: Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը, իհարկե, ճիշտ է, բայց ինչպե՞ս են կուսակցությունները վեր դասում կուսակցական շահերը համաեվրոպական շահերից: Որովհետև նրանք այլևս Եվրամիությանը չեն հավատում և վստահ են, որ իրե՞նք են կառուցելու նոր Եվրոպան: Գաղափարները կենսունակ են, երբ համաժողովրդական աջակցություն են ստանում, բայց նրանք պատրաստ են նաև վաճառել իրենց գաղափարները: Փաստորեն: Իսկ ընդհանրապես՝ եթե ԵՄ գործող ղեկավարությունը չի հանում պատժամիջոցները Ռուսաստանից, ի՞նչ է մնում Պուտինին, եթե ոչ փոխել այդ ղեկավարներին, չէ որ նա առաջնորդվում է հետխորհրդային տարածքում հաստատված սկզբունքներով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ